Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԵՐԱՆԻ Է ԱՅՆ ԱԶԳԻՆ, ՈՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆՆ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՐԱՆ

ԵՐԱՆԻ Է ԱՅՆ ԱԶԳԻՆ, ՈՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆՆ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՐԱՆ
12.10.2010 | 00:00

Մարմնով մահացավ և հոգին Աստծո ձեռքը հանձնեց Հայաստանի նշանավոր մարդկանցից մեկը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ ՌԱՖԱՅԵԼ ՊԱՊԱՅԱՆԸ:
Մոտ տասը տարի առաջ լրատվամիջոցները մեծ աղմուկ բարձրացրին նախ` անհատական քարտերի, ապա նույնի անվանափոխված տարբերակի` սոցքարտերի դեմ: Մինչ իշխանություններն աստվածաշնչյան վկայություններն անվանում էին «առասպել», իսկ եկեղեցին ճնշման տակ հայտնվելով` խառնաշփոթի մեջ էր, ասպարեզ եկավ Ռաֆայել Պապայանի «Անհատական ծածկագրերը՝ քրիստոնեության և իրավունքի համատեքստում» բավականին ծավալուն և ընտիր հրապարակումը (ռուսերեն), որով ճշմարիտ քրիստոնյայի քաջությամբ լույս էր սփռում հայերիս մեջ ևս ի հայտ եկած համաշխարհային բռնատիրության երևույթի վրա: Այդ օրերին ես հեռաձայնեցի Ռաֆայել Պապայանին և խնդրեցի հոդվածի հայերեն տարբերակը։ Նշանավոր հայը սիրով տրամադրեց այն, ինչը և անվճար բաժանվեց հավատացյալներին:
Սահմանադրական դատարանում ժողովուրդը Ռաֆայել Պապայանին իր խղճմտանքի ներկայացուցիչն էր անվանում: Ռաֆայելն առաջինն էր, որ իր բարձր դիրքի վերին աստիճանակարգերից, իրեն հատուկ գիտական մեծ ներուժով, վստահելի համոզվածությամբ ու քաջությամբ, ակադեմիական հստակ մեկնությամբ սոցքարտերն անվանեց Աստվածաշնչի զգուշացրած «Չարի ու չարիքի գալուստի» փաստացի վկայություն: Մեջբերենք.
«... Սակայն խորանանք հարցի մեջ։ Սկսենք հավատացյալների մտավախություններից։
Բնական է, որ հավատավոր քրիստոնյան համադրում է իրեն ընդմիշտ կցված թիվը նեռի կնիքի հետ, գլոբալիզացիայի համատեքստում խոսում է ապրանքային գների կոդավորման մեջ «գազանի թվի» (666) առկայության մասին, հիշատակում է տեղեկատվություն կուտակող բրյուսելյան համակարգչի «Գազան» անվանումը, տագնապում այն փաստից, որ անհատական ծածկագրերի նախագիծն իրականացնող կազմակերպությունը կրում է բաբելոնյան աշտարակաշինության նախաձեռնող Նեբրոթի անունը՝ «Նեմրութ»։ Հավատացյալների շրջանակներում նաև հոլովվում է այն վարկածը, թե հետագայում անհատական ծածկագիրը կարող է ներարկվել մարմնի մեջ՝ «դաջվել» ձեռքին կամ ճակատին, քանի որ կան նաև հրապարակումներ այն մասին, թե նման փորձեր արդեն կատարվել են որոշ երկրներում։
Նախապես ուզում եմ նշել, որ չեմ կարծում, թե թվերը մոգական ուժ ունեն և անհատական ծածկագրում 666 թվի հայտնվելուն պես մարդը մեխանիկորեն անցնում է սատանայի իշխանության տակ և կործանվում։ Ըստ քրիստոնեական վարդապետության, այդ թիվը ստանում է դիվային ուժ միայն այն դեպքում, եթե ընդունվում է կամավոր՝ ի նշան Աստծուց գիտակցված հրաժարումի: Բայց խորհրդաբանությունը, այդ թվում նաև` թվերի խորհուրդը, ամենևին երկրորդական չեն քրիստոնեության համակարգում։ Հիշեցնեմ, որ խորհրդաբանությունը կարևորվում է ոչ միայն կրոնի ասպարեզում. մենք ապրում ենք խորհուրդների աշխարհում։ Չէ՞ որ մենք երբեք չենք համաձայնի փոխարինել մաշտոցյան գրերը, օրինակ, լատինատառով, և ամենևին ոչ այն պատճառով, որ լատինագիրն ավելի վատն է, այլ որովհետև հայոց այբուբենը ոչ միայն գրելու համար ինչ-որ նիշերի հավաքածու է, այլև խորհրդանիշ։ Ինչպե՞ս կարձագանքի Հայաստանի քաղաքացին, եթե որևէ մեկը փորձի փոխարինել Հայաստանի զինանշանը մեկ այլ նշանով, կամ Արարատի փոխարեն պարտադրի Մոնբլանի խորհրդանիշը։ Ժխտական պատասխանը կասկած չի հարուցում, չնայած այս դեպքերում փոխարինող նշանը չի հակադրվում փոխարինվածին. այն պարզապես խորթ է և չի ընդունվում սոսկ այդ պատճառով: Ծածկագրերի ներմուծումն այլ է՝ առավել անհանդուրժելի է, քանի որ տեղի է ունենում անտագոնիստական նենգափոխում. մկրտության խորհրդով ստացած Քրիստոսի կնիքը փոխարինվում է հակաքրիստոսի կնիքով: ՈՒստի միանգամայն հասկանալի է, թե ինչու քրիստոնյաներն իրենց արդարացիորեն համարելով Երկնային թագավորության հպատակներ` չեն հաշտվում, երբ իրենց առաջարկում են այլ թագավորության խորհրդաբանություն, մանավանդ որ այդ թագավորությունը դժոխքն է:
Առաջարկվող նախագծի հետ 666 թվի առնչության հերքումը ոչինչ չի փոխում կրոնական իմաստով: Ըստ քրիստոնեության, մարդու անունը իշխանության նշան է. մարդը հանդիսանում է իրեն անուն տվողի հպատակը: Ադամին Աստված անուն տվեց: Քրիստոնյան անուն ստանում է Եկեղեցում մկրտության խորհրդով՝ ի նշան Աստծո իշխանությունն ընդունելու: Քրիստոնյան չի կարող հանդուրժել, որ Աստծուն իր պատկանելության նշանը փոխարինվի որևէ այլ նշանով, տվյալ դեպքում՝ ցանկացած թվով:
Սուրբ Գրքում ասված է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մթս. 6։ 24)։ Մինչդեռ ողջ այս «միջոցառման» կրոնական մեկնաբանությունը երկրորդ «տիրոջ» հայտնվելն է, մանավանդ որ օրենքի գործնական կիրառումը կապված է հենց նրան՝ մամոնային ծառայելու խնդրի հետ. ծածկագիրը նախատեսվում է աշխատավարձի, թոշակի, նպաստի, այլ եկամուտների նշանակման և վճարման համար, հարկերի, տուրքերի, սոցիալական ապահովագրման, բանկային հաշիվ բացելու և նմանօրինակ գործարքների համար (հ. 10)։ Այս թվային նիշը կոչված է ստիպելու մարդկանց՝ երկու տերերից ջանադրաբար ծառայել Աստծո հակոտնյային (մամոնային)։
Ըստ Հովհաննու Հայտնության, հակաքրիստոսը (նեռը) գալու է, որ «ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա։ Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անվան թիվը։ Այստե՛ղ է ահա իմաստությունը։ Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը ա՛յս է՝ վեց հարյուր վաթսունվեց» (Հայտն. 13։ 16-18)։ Շատ չե՞ն արդյոք զուգադիպությունները. և դրոշմի համատարած պարտադրանքը, և դրա ենթադրական տեղը՝ ձեռքը կամ ճակատը (ըստ «չիպերի» վարկածի), և առք ու վաճառքի արգելքը դրոշմի բացակայության դեպքում, և «փոքրերի» (երեխաների) համար պարտադիր լինելը, և դրոշմի թվային արտահայտության հանգամանքը, և այն, որ այդ թիվը ոչ թե փաստաթղթի համարն է, այլ «մարդու անվան թիվ»։
Ես գիտակցում եմ, որ անհատական ծածկագրերի համակարգի ներմուծման ջատագովներն այս ամենը համարում են զառանցանք կամ հեքիաթ։ Բայց ես նաև գիտեմ, որ նրանք որպես զառանցանք կամ հեքիաթ են համարում ողջ Աստվածաշունչը և քրիստոնեության գրեթե բոլոր հիմնադրույթները։ ՈՒստի հազիվ թե տեղին է ավելի համոզիչ լինելու համար ասվածին հավելել նաև հինուխտյան իրադարձությունների հիշատակումը, երբ Դավիթ արքան հրամայեց հաշվառել հպատակներին («որ գիտենամ նրանց թիվը» - Բ Թագ., 24։ 2), և այդ գործողության համար արժանացավ Աստծո խստագույն պատժին։ Տեղին չէ, որովհետև թեպետ ցանկալի է, որ օրենսդիրը կամ գործադիրը հավատան Սուրբ Մատյանին, բայց ոչ ոք չի պահանջում նրանցից այդ, հարգելով խղճի ազատության նրանց իրավունքը։ Նրանցից պահանջվում է ընդամենը նույնպիսի հարգանքով վերաբերվել իրենց բազմաթիվ հայրենակիցների խղճի ազատությանը, որոնք անկեղծ հավատում են Սուրբ Գրոց յուրաքանչյուր բառին։ Մարդիկ ամենևին չարամտություն չեն վերագրում օրենսդրին, նրանք պատրաստ են հավատալու, որ այս համակարգը ներդրողները հետապնդել են բարի նպատակներ, բայց հավատացյալներին քաջածանոթ է նաև քրիստոնեական հանրահայտ ասացվածքը. «Բարի նպատակներով է ծածկված դժոխքի ճանապարհը»։ Քրիստոսը պատվիրել է. «Տվեք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Մթս. 22։ 21. Ղկս. 20։ 25), և հետևելով այս պատգամին, ցանկացած քրիստոնյա հավատացյալ պատրաստ է և՛ հարկեր վճարել, և ՛պետությանը (Կեսարին) զիջել ինչ ասես՝ զուտ նյութական առումով, բայց ոչ իր հոգին, որն Աստծուն է պատկանում...»։
Հավատացյալների դիմումները Սահմանադրական դատարանին, որ` մարդու իրավունքի դեմ են անվանափոխված անհատական քարտերը, որ հասարակության ականջին «քաղցրացնելու» համար այժմ «սոցքարտ» էր անվանվում, հասան այն բանին, որ ՍԴ-ն քննեց հարցը և խնդրի մեջ մարդու իրավունքների ոտնահարում տեսնելով, որոշեց սոցքարտերը գործածությունից հանել, այլևս ոչ ոք պետականորեն սոցքարտ պահանջելու կամ վերցնել պարտադրելու իրավունք պիտի չունենար: Եվ այս խնդրի լուծման համար քիչ դեր չխաղաց Ռաֆայել Պապայան նշանավոր հայն ու իրավաբանը, եկեղեցական գործիչը: Ես լսեցի Ռաֆայելի հետ մի հարցազրույց, կարծեմ ռադիոյով էր, երբ նա զարմացած էր գործադիր մարմինների վարվելակերպից, քանի որ ՍԴ-ի որոշումից հետո էլ սոցքարտերը դեռ պարտադիր էին համարում. «Չգիտեմ, գուցե և տգե՞տ են, որ հրաման ու որոշում չեն ըմբռնում, այնուամենայնիվ, շատ վատ է, որ չեն հարգում ՍԴ-ի որոշումը»,- սրտի ցավով ասում էր Ռաֆայելը:
Կրկին անդրադառնանք Ռաֆայելի հոդվածին, որտեղ համոզիչ վկայություններով ապացուցում է, որ անհատական ծածկագրերը հակասահմանադրական են. «... անհատական ծածկագրերի ներմուծումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և՛ իրավիճակի իմաստով, և՛ պարտադիր լինելու մասով, և՛ ժամկետի (ցմահ լինելու) առումով։ Հետևաբար, չնայած օրենքի առկայությանը, այն պաշտոնյաների գործողությունները, ովքեր բոլորին, առանց բացառության, հարկադրում են ստանալ ծածկագիր պարունակող քարտերը՝ զրկելով քաղաքացիներին նպաստից կամ կենսաթոշակից, ոչ միայն հակաօրինական են (օրենքի 16 հոդվածով նման գործառույթները կապվելու են անհատական քարտի հետ 2004 թ. հունիսից), այլև հակասահմանադրական են և անգամ օրենքում նշված այս ժամկետից հետո էլ կմնան այդպիսին, քանի որ «Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն» (հ. 6) և 2004 թ. հունիսին չեն վերանալու։
Հավելենք ևս մեկ խախտված սահմանադրական նորմ՝ ՀՀ Սահմանադրության 24 հոդվածը, ըստ որի՝ «արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն»։ Սա համահունչ է նաև ՀՀ վավերացրած Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում կրոնական համոզմունքներին առնչվող նորմին. «Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը» (հ. 18, կ. 2) ...մարդու արժանապատվությունն ու իրավունքները՝ հոգևոր արժեքներ են, որոնք քրիստոնեության հիմք են հանդիսանում և միայն հետո են ստացել իրավաբանական իմաստավորում։ Մարդը կրողն է հոգու, որն ստացել է Աստծուց։ Մարդկանց մասին չեն ասում՝ «այսքան հատ», այլ ասում են՝ «այսքան հոգի»։ Մարդու արժանապատվությունը, անկախ նրանից՝ հավատացյալ է նա, թե ոչ, չի հանդուրժում, երբ նրան համարում են «հատ», և պահանջում է, որ նրան ընդունեն որպես կենդանի հոգի։ Անգամ մեր լեզվամտածողության մեջ են արձանագրված այս քրիստոնեական ճշմարտությունները. բարեպաշտները Աստծո աջակողմյան դասում են, ուստի եվրոպական «պրոգրես» հասկացությունը հայերենում իմաստավորվում է որպես ընթացք առ աջ (առաջընթաց)։ Մեր լեզվում իսկ բացառված է մարդուն «հատ» համարելը, քանի որ նա անհատ է (ան-հատ)։ ՈՒստի «անհատական ծածկագիր» («անհատական թվանիշ») հասկացությունը նաև տրամաբանական թյուրիմացություն է. այն պարունակում է «տերմինաբանական» հակասություն։ Երբ մարդուն իր անվան փոխարեն առաջարկում են թիվ, վիրավորում են նրա արժանապատվությունը, փոխադրելով հոգիների աշխարհից իրերի աշխարհ։ ՈՒստի անհատական ծածկագրերի ներմուծումը (անգամ եթե դրանք չեն փոխարինելու անվանը, բայց հավասարազոր են լինելու), ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդու արժանապատվության նսեմացում, այսինքն՝ ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի խախտում, որով արգելվում է «արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը»։
Մեր իշխանություններին դեպի աստվածաշնչյանն ուղղորդելու համար Ռաֆայելը, իր վստահելի իմացությամբ և մարդասիրության կոչելու լեզվով, հոդվածում բերում է մի շարք պետությունների օրինակներ, որոնք մերժել են չարի համակարգը` աստվածաշնչյան զգուշացումները պատվար դարձնելով, իսկ համակարգը, ըստ էության, մարդատյացություն է և արտաքինից է հարմարեցված, որպես թե արդարության պահպանման անհրաժեշտություն, որովհետև ինչ մարդուն նսեմացնում է, նմանեցնելով նրան իրերին, պիտի ինքը ևս ըստ էության նսեմ լինի և արդեն իսկ` անարդար դրսևորում կամ սուտ արդարասիրություն: Աստվածաշնչում 666-ի չար համակարգը հիշատակված է որպես չարի դրոշմն ու կնիքը, իսկ բուն գործունեությունը` հարյուրավոր այլ, զուգընթաց ծրագրերով այլասերումն է և ընտանիքների ու ազգայինի, ամեն-ամեն տեսակի բարեավանդ ժողովրդականի, առողջ մշակույթի քայքայումը: Օրինակ, այսօր ընտանիքների քայքայման բազմաթիվ «մարդասիրական» անվանվող ծրագրեր կան, որպես թե մենք ենք խնդրել այդ ծրագրերի իրագործումները մեր երկրում, քանի որ բազմաթիվ այլասերված ծրագրեր դրամաշնորհների միջոցով կեղծորեն կոչվել են «ազգային»: Եվ կամ միասեռականների համար օրենք սահմանելը, թե` օրենքով իրավունք ունեն ոչ միայն այդ պղծության մեջ լինելու, այլև օրենքով ամուսնանալու, երբ Աստծո օրենքը մահապատիժ է սահմանել նմանների համար կամ` ամենամեղմը` մարմնի անդամների հատում, ըստ Հայոց դատաստանագրքերի:
Այսօր սոցքարտերի մասին այլևս չեն խոսում, և պատճառն այն է, որ չարի ծրագիրն անցել է մեկ այլ փուլ, որ էլեկտրոնային չիպերով տեղադրվում են նոր անձնագրերի մեջ, այսինքն` գործընթացը շարունակվում է` մինչև աստվածաշնչյան զգուշացումները լրիվ իրականանան` չարի համակարգի կնիքը դաջել ձգտելով մարդու աջ ձեռքին կամ ճակատին: Տարիներ առաջ ինտերնետի սայթերից հանված չարի համակարգին վերաբերող մի լուսանկար տեսա, որը հիշեցնում է այսօրվա ՀԴՄ-ները: Մարդն արդեն չիպով ներարկված աջ ձեռքը դրել էր այդ սարքի նախատեսված տեղում, և սարքը, ըստ «մեքենայացած մարդու» կատարած առևտրի, չիպից հանում է համապատասխան դրամի թիվը: Ըստ այդ չար համակարգի ծրագրերի` դրամը լինելու է միայն բանկերում, իսկ գումարի թիվը` չիպերի մեջ: Եվ ակամա մտածում ես, թե ՀԴՄ-ների այսօրվա լայնածավալ քարոզումը, դրամական շահումներ կազմակերպելով, նույնպես որոգայթ է` համաշխարհային բռնատիրությանը տուրք տալու խայծն ընդունելու կույր քայլ: Աստվածաշունչը նաև ասում է, որ չարի զորությունները հետ են քաշվում, անզորանում են այն բնակավայրերում կամ երկրներում, ուր դառնում են դեպի Աստծո պատվիրանները, ապաշխարում են մեղքերից: Որովհետև ինչ հանուն հայրենյաց է` Աստծո պատվիրաններով է հանուն հայրենյաց, եթե ոչ, անբարոն սեփական հայրենիքումդ կառուցելը կլինի ոչ թե հանուն, այլ հայրենյաց: Աստված մեծ ապաշխարությունների նպատակի համար էլ մեզ տվել է Նարեկը.
Եվ ո՛վ` մինչ մահ է մեղքի մեջ ընկել,
և ո՛վ կրկին է բռնվել դիվաց մետաղյա ցանցում,
և ո՛վ` սուզվել է անդունդը չարյաց,
կյանքի փրկության նշույլն այս ունի`
որ քավության ելք գտնի սրանով,
ինչպես որ բազում պարտքեր ունեցողն`
աչքի անձրևով` Ամենակալի գթության առաջ,
որով կրկին է երկիրը աճում ու բարգավաճում`
Աստծո Սուրբ Հոգուն իր նվիրվելով`
ամենահրաշ ծաղկավետությամբ
(ԲԱՆ Ժ):
Եվ երանի է այն ազգին, որ աստվածաշնչյանն է ընդունում որպես արդարության հենարան: Այնուամենայնիվ, հույս կա, որ մեր իշխանությունների մեջ կբարձրանան Ռաֆայել Պապայանի նման խոշոր, սքանչելի հավատ ունեցող հայրենասերներ, ովքեր կընդունեն, որ առանց Աստծո ամեն բան դատապարտված է փլուզման: Եվ մեր հույսը դատարկ տեղը չէ, որովհետև սուրբ Սահակ Պարթևը ժամանակին Աստծուց ուղղորդված տեսիլք տեսավ մեր ժամանակների մասին և պատմեց, որ հայերս սքանչելիորեն հաղթելու ենք չարի համակարգին, և քիչ չեն լինելու իշխանական մարդիկ ու նախարարները, ովքեր կռելու և կոփելու են հայկական արդար գենի այդ հաղթանակները, սակայն ոմանք էլ պիտի ընկնեն խոր ամոթի մեջ` չարին հետևորդելու և աստվածաշնչյան իմաստություններն անարգելու պատճառով, և Քրիստոս պիտի դատի իր հակառակորդներին: Տա՛ Աստված, որ ազգովին հավատացյալ դառնանք: Օրհնյա՜լ ու օրհնյա՜լ է Քրիստոս, նախապես ամեն բանի մասին հայտնող Տերն ու Փրկիչը մեր: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1901

Մեկնաբանություններ